Ցանց


Ամերիկյան հիպիների քուրքերը Խորհրդային Հայաստանում կամ «թույլ կապերի» ուժգնությունը

Հայաստանյան հիպիների հագուստների վերաբերյալ Ոզնիի ծաղրական անդրադարձերում, ի թիվս այլոց, երբեմն հումորի առարկա են դառնում ոչխարի մորթուց կարված բաճկոնները կամ քուրքերը: Հարցազրույցները և մամուլում հրապարակված նյութերը թույլ են տալիս եզրակացնել, որ այդ բաճկոնները ոչ միայն ցրտից պաշտպանելու գործառույթ են կատարել, այլև հանդիսացել են ենթամշակութային ինքնությունը հաստատելու կարևոր խորհրդանիշ: Մասնավորապես, Ավանգարդի 1976 թվականի համարներից մեկում տեղ գտած հրապարակումը (Վ. Հարությունյան, «Տարօրինակ դիմակներ կամ երկրպագությունդրամին,» 20 օգոստոսի, N 100) քննադատում է այն իրողությունը, որ որոշ մարդիկ Երևանում ամառվա շոգին կարող են ոչխարի մորթի կրել:
Առավել հետաքրքիր է այն փաստը, որ Հայաստանում տարածում գտած այդ բաճկոնների մի մասը նախապես պատկանել է ամերիկյան հիպիներին: Վերջիններս, բանասացներից մեկի փոխանցմամբ, 1970-ականներին Միացյալ Նահանգներից դեպի Արևելք ճանապարհորդությունների ժամանակ իրենց քուրքերը վաճառել են Պարսկաստանում, իսկ պարսկահայերը դրանք բերել են Խորհրդային Հայաստան: Վերոհիշյալ բանասացի նկարագրությամբ. «Հիպիները Պարսկաստանով գնում էինգլխավորապես Նեպալ: Իրենց քուրքերը այնտեղ [Պարսկաստանում] ծախեցին: Այստեղ էլ, որ պարսկահայերը եկան, բերեցին մի քանի հատ, ծախեցինՄեկն էլ ես առա: Դրանք իսկական հիպիի բաներ էին, այլանդակ հոտով, չմշակված ոչխարի մորթուց էին: Դե պատկերացրու քաղաքում հագնում էի դաբավականին դժվար բան էր: Այդ պարտիայից մի յոթ հատ կար, յոթ հոգի կար ամբողջ քաղաքում [այդ քուրքերից ունեցող]»:
Սոցիալական ցանցերի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու թույլ կապերը (օրինակ` հեռու ծանոթներ, ոչ մոտ ընկերներ և այլն) սոցիալական ավելի մեծ կապիտալ են, ավելի լայն հնարավորություններ են ընձեռում ինֆորմացիա և այլ տիպի ռեսուրսներ ձեռք բերելու համար, քան ուժեղ կապերը (օրինակ` մոտ ընկերները): Ենթադրությունն այն է, որ մարդու մոտ ընկերները, նույն հետաքրքրությունների և շփումների շրջանակն ունենալով, հավանաբար չեն կարող մուտք ապահովել դեպի ինֆորմացիայի և ընդհանրապես տարաբնույթ ռեսուրսների այլընտրանքային աղբյուրներ[1]:
Եթե այս թեզը փոխադրելու լինենք 1960-70-ականների խորհրդային մակրո-իրողության վրա, ապա կարելի է ասել, որ, Հայաստանում հիպիական մշակույթին հետևող մարդիկ, այլ հանրապետությունների իրենց գաղափարակիցների համեմատությամբ, թերևս, ավելի արտոնյալ պայմաններում են գտնվել Հայաստանի ունեցած թույլ կապերի, այն է` հայրենադարձվող հայերի շնորհիվ: Այլ կերպ ասած, հայ հիպին ավելի քիչ հնարավորություն է ունեցել ինֆորմացիա ստանալ, ասենք, իր համաքաղաքացի գաղափարակցից, քան հայրենադարձ գաղափարակցից: Հայաստանցի հիպին ավելի քիչ հնարավորություն է ունեցել ինֆորմացիա ձեռք բերել վրաստանցի կամ ուկրաինացի համախոհից (որոնց այս դեպքում ևս պետք է դիտել իբրև ուժեղ կապ` նույն երկրի նույն գաղափարախոսական սահմանափակ միջավայրին պատկանելու պատճառով), քան, օրինակ, Պարսկաստանից կամ որևէ այլ երկրից հայրենդարձվող իր հայրենակցից (թույլ կապ` նախապես այլ գաղափարական միջավայրի պատկանելու պատճառով): Վերջինս, շփումների տարբերվող շրջանակներ ունենալով, խորհրդահայ հիպիի համար այլընտրանքային ռեսուրսների աղբյուր է հանդիսացել (ինչպես դա ակնհայտ երևում է ամերիկյան քուրքերի մասին պատմությունում):
Բանասացներից մեկի փոխանցմամբ, այս իմաստով Խորհրդային Միությունում երկու բացառություն կար` Հայաստանը և Էստոնիան (վերջինս այլընտրանքային կապեր ուներ Ֆինլանդիայի հետ). «Հայաստանը մի տեսակ գլոբուսից դուրս էրՀայաստանն ու Էստոնիան, ինչ որ ձևով մի քիչ տարբերվում էին: Ես հիշում եմ, որ իմ ծանոթները գալիս էին Հայաստան Մոսկվայից, Ուկրաինայից և Ղազախստանից ու ասում, որ կարծես արտասահման են եկել: Մոսկվայից գալիս էին Երևան` կոշիկ, հագուստ գնելու համարՆույնը ասում էին, երբ Էստոնիա էին գնում»: Նույն բանասացը նաև ավելացրեց, որ սրա պատճառը ակտիվ տուրիզմն էր Հայաստանում, Սփյուռքի կոմիտեի գործունեությունը և հատուկ վաճառատեղերի առկայությունը. «Տուրիզմը շատ է եղել, Սփյուռքի կոմիտե ունեինք, գնալ-գալ, ճամպրուկ տանել-բերել կարԵրևանում ասում էին մարդ ա եկել, վեշ ա բերել, գնում էին տներով առնելուՄոսկվայից Երևան էին գալիս կոմիսիոնկաներով ման գալու համար»:
Ըստ բանասացներից մի քանիսի, հիպիական նորաձևությանը հետևող անձանց համար «ախպարական կանալներով» ապրանքներ ձեռք բերելու կարևոր կետ է հանդիսացել Երևանից ոչ հեռու գտնվող Աբովյան քաղաքը, ուր բնակություն են հաստատել Պարսկաստանից հայրենադարձվող հայերի մի քանի սերունդներ: Մասնավորապես, երևանաբնակ հիպիները, ի թիվս այլ ապրանքների, Աբովյանից ջինսե հագուստ, երաժշտական ձայնագրություններ և ամսագրեր են ձեռք բերել:
Հարցազրույցին մասնակցած պարսկահայ հայրենադարձներից մեկի խոսքերով «Մարդիկ Երևանից գիտեին, որ [Աբովյանում] էս տանը բան կա վաճառվող, ախպար ա եկել, գնում ենք ախպարի տուն բան առնելուԷդ օրինական բան էր, ինչ-որ մի ժամկետ կար հայրենադարձների համար [իրենց ապրանքները վաճառելու]: Բայց շատ պատահում էր, որ հին եկածները իրենց ապրանքները բերում էին նորեկների մոտ` նորերի հետ վաճառելու համար»: Վաճառքից բացի, նույն բանասացի փոխանցմամբ, ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ ունեցող հայրենադարձները այդ աղբյուրները (երաժշտական ձայնագրություններ, ամսագրեր, և այլն) փոխանցում էին իրենց տեղացի ընկերներին և ծանոթներին:
Այն ենթադրությունը, որ հայրենադարձները Խորհրդային Հայաստանի բնակիչների համար հանդիսացել են «թույլ կապ», ամրապնդվում է նաև հայրենադարձների ու տեղացիների միջև որոշ արժեքային կողմնորոշումներում  եղած տարբերությունների և դրանցից բխող կենցաղային կոնֆլիկտների մասին ժամանակակիցների բազմաթիվ պատմություններով: Ընդ որում, արժեքային տարբերությունների իրողությունը կենցաղային մակարդակում չի վերացել առ այսօր և կարող է նույնիսկ լատենտ դրսևորումներ ունենալ քաղաքականության կամ տնտեսական հարաբերությունների ոլորտում: Միաժամանակ, հայկական սփյուռքը շարունակում է սոցիալական կապիտալի հզոր ներուժ ունեցող «թույլ կապ» մնալ ժամանակակից Հայաստանի համար: Գիտակցելով Հայաստան-Սփյուռք արժեքների անխուսափելի և անժխտելի տարբերությունները` Հայաստանի Հանրապետությունը դրանք պետք է դիտի ոչ թե որպես համահարթեցման ենթակա խոչընդոտ, այլ առավելություն` աշխարհի տարբեր մասերից նոր և արդյունավետ գաղափարների արագ ներմուծման և տեղայնացման համար:


[1] Granovetter, Mark S. (1973). “The Strength of Weak Ties.” American Journal of Sociology, Vol. 78, No. 6, pp. 1360-80.

No comments:

Post a Comment