1960-70-ական թթ. Հայաստանում «ստիլյագների» ու «հիպիների» համար հասարակությունից առանձնանալու հիմնական միջոցներից մեկը արտաքին տեսքն ու դրա հետ կապված ատրիբուտիկան էր։ Հասարակությունից առանձնանալու, ինչպես նաև կարծրատիպերի դեմ գաղափարական պայքար մղելու կարևոր միջոց էին նաև ստիլյագների և հիպիների լսած երաժշտությունն ու նրանց պարած պարերը: Գաղափարների արտահայտման համար նրանց կողմից օգտագործվում էին զանազան ատրիբուտներ, օրինակ կրծքանշաններ, տարբեր աքսեսուարներ։ Այս ամենը կքննարկվի ստորև` ինչպես տեքստային ու հարցազրույցների ժամանակ հավաքված տեղեկությունների, այնպես էլ ժամանակի տեղական թերթերում և ամսագրերում տպագրված ծաղրանկարներից և պատկերներից ստացված նյութի հիման վրա։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Մեր կողմից ուսումնասիրված ծաղրանկարների, ինչպես նաև բանասացների կողմից փոխանցված նյութի համաձայն, հիպիների և ստիլյագների նախընտրած երաժշտական ուղղությունները 1960-ական թթ. Խորհրդային Հայաստանում ընդհանուր առմամբ քննադատության էին արժանանում հասարակության լայն շերտերի և ժամանակի պաշտոնական մամուլի կողմից: Օրինակ, «Ոզնի» ամսագրում հանդիպած «Պարային կակաֆոնիա» (Ոզնի, N 20, 1960թ.) վերնագրով թարգմանված նյութում (հեղ. Օլ. Կովինկա) պատմվում է «ժամանակակից երիտասարդության» պարերի և ժամանցի ձևերի մասին: Վերջիններիս լսած երաժշտությունը որակվում է հետևյալ կերպ. «աղմուկ է, որ լսել չի լինում...որ ճչում է, թնդում է, ճռնչում է»:
Խորհրդային Հայաստանում հիմնականում տարածված էին Բիթլզ (1960-ականներ), Ռոլինգ Սթոունս (հիմնված 1962թ.), Դիփ Փարփլ (հիմնված 1968թ.), Փինք Ֆլոյդ (հիմնված 1965թ.) երաժշտական խմբերը, Լեդ Զեփելին հարդ–ռոք խումբը (1968-1980) և այլն։ Տեղացի՝ հայ կատարողներից ստիլյագների և հիպիների շրջանում հեղինակություն էին վայելում «Առաքեալներ» խումբը
(1967-1976թթ.)՝ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ, Լևոն Սևանը (1970-ականներ), Ռուբեն Հախվերդյանը, «Мечтатели» խումբը։ Արտասահմանյան կատարողներից գրեթե բոլոր բանասացները նշում են Ջիմմի Հենդրիքսի անունը (1963-1970), ում երիտասարդները, բանասացներից մեկի հաղորդմամբ, լսում էին ու «պորտվեյն էին խմում»:
Արտասահմանյան ռոք երաժշտության նկատմամբ խորհրդային հասարակության քննադատական մոտեցումը ակնհայտորեն արտահայտված է «Առանց խոսքի» (Ոզնի 1966‚ նոյեմբեր‚ 22) ծաղրանկարում։ Այն պատկերում է «նոր երիտասարդների» շրջանում տարածում գտած «նոր» երաժշտությունը: Ծխախոտը բերանին‚ երկար մազերով և մորուք ունեցող երիտասարդը վայելում է այդ «նոր» երաժշտությունը: Հետին պլանում պատկերված է ինքնասպան լինող Բեթհովենը, ինչը ցույց է տալիս «նոր երաժշտության» ցածրորակությունը:
Ավանգարդի 1980 թ. համարներից մեկում տպագրված «Ռոք-երաժշտության նորը զոհը» (Ավանգարդ‚ № 137‚ նոյեմբեր 6‚ 1980թ.) հոդվածում խոսվում է «Լեդ Զեփելին» հայտնի ռոք-խմբի 32-ամյա հարվածող Ջոն Բոնհեմի մահվան մասին: Հոդվածագիրը օգտագործում է այս պատմությունը քարոզչական նպատակներով: Նա փորձում է ցույց տալ‚ թե ինչ բարքեր են տիրում կապիտալիստական երկրների շոու բիզնեսում՝ մասնավորապես մատնանշելով ռոք-երաժիշտների շրջանում լայն տարածում գտած թմրադեղերի օգտագործումը‚ որի զոհ են դառնում ռոք-մշակույթի ներկայացուցիչները: Իր պնդումները հիմնավորելու համար հեղինակը հոդվածում մեջբերում է այն ռոք-երաժիշտների ցանկը‚ ովքեր մահացել են թմրադեղերի չափաբաժնի չարաշահումից:
«Հերոսներ», գաղափարաՅԻՆ ՀԱՅՐԵՐ, ՆՇԱՆՆԵՐ
Հարցազրույցի ժամանակ բանասացներից մեկը նշեց, որ Հայաստանում հիպիների և ընդհանրապես երիտասարդության շրջանում գոյություն ունեին հեղափոխական կուռքեր: Հատկապես հայտնի էին Չէ Գեվարան, Չիլիի նախագահ Սալվադոր Ալիենդեն (1970-1973), չիլիացի մշակութային գործիչ Վիկտոր Հարան և այլն:
Հայաստանյան հիպիները, որոշ բանասացբանասացների վկայությամբ, կրկնօրինակելով արտասահմանյան հիպիներին, իրենց գլուխներին ևս ժապավեն էին կապում: Դրանք հենց Հայաստանում էին կարվում։ Տարածված էին խաղաղության նշանով, «смерть рабизам» կարգախոսով կրծքանշանները (значок)։ Բանասացը նշում է նաև «против атомной войны» կրծքանշանների գոյության մասին։ Վերջիններս խորհրդանշում էին պայքարը հանուն խաղաղության։ Ընդ որում, սրանք բերվում էին ինչպես դրսից, այնպես էլ պատրաստվում էին հենց տեղում՝ Հայաստանում։
ՊԱՐԵՐ
Ինչպես հայտնի է, Խորհրդային Հայաստանում հիպի համարվող երիտասարդներն իրենց պահվածքով «ավելի ազատ էին» համարվում։ Նրանց հավաքույթների ժամանակ, ըստ հարցազրույցներից և տպագիր մամուլում հանդիպող պատկերներից ստացված նյութի, կարևոր տեղ էին զբաղեցնում պարերը։ Պարային տեսարանների հերոսներ են և՛ աղջիկները, և՛ տղաները: Ամենատարածված պարը տանգոն էր, որը հնարավորություն էր տալիս երիտասարդ աղջիկներին և տղաներին «ավելի մոտիկ լինել իրար»։ Պարերից նշվում են նաև թվիսթը, շեյքը։ Եղել է կարծիք, թե քանի որ թվիսթն ընդունված էր Խորհրդային Միության բոլոր երիտասարդների շրջանում, ապա հիպիները տարբերվելու համար նախընտրում էին շեյք պարել։
1963թ. Առնո Բաբաջանյանը գրում է առաջին խորհրդային թվիսթը՝ «Лучший город на земле»: Սա իհարկե թվիսթ պարելը դարձնում է հասարակության համար ընդունելի, ինչի վկայությունն է, հավանաբար, 1965թ «Ոզնի» ամսագրում լույս տեսած «Մենք ձեր պարելուն բնավ էլ դեմ չենք‚ բայց գիր ու գիրքը դուք մի մոռացեք» ծաղրանկարը (Ոզնի‚ հունվար 1,
1965թ.)։ Սա կարծես անդրադարձ է երիտասարդության շրջանում տարածում գտած նոր «տիպին»` «ստիլյագներին»: Նկարում արտահայտված է այս երիտասարդների անտարբեր վերաբերմունքը գրի և գրքի հանդեպ, իսկ փոխարենը` զվարճանքներին տրվելը: Երիտասարդները թվիսթ են պարում‚ որը 1965թ. գրեթե ամբողջովին ընդունվել էր Խորհրդային Հայաստանի երիտասարդության կողմից: Միգուցե հենց այս հանգամանքով էր պայմանավորված այն փաստը, որ ծաղրանկարում պատկերված երիտասարդներին խորհուրդ է տրվում պարելուն զուգահեռ նաև ուշադրություն դարձնել ուսմանը:
ՀԱԳՈՒՍՏ
Խորհրդային հասարակության մեջ պարտադրված միատեսակ, անգույն ու շաբլոն հագուկապի պայմաններում նոր՝ ստիլյագային, ինչպես նաև հիպիական երիտասարդությունն առաջին հերթին աչքի էր ընկնում իր խիստ տարբեր, ընդունված-ավանդականի հետ որևէ առնչություն չունեցող հագուստով։ Այսպես, հիպիների հագուստի հիմնական մաս էին կազմում «հոլիդեյ» կամ լայն փողքերով տաբատները, բարձր պլատֆորմայով և կրունկով կոշիկները։ Ընդ որում, տաբատները կարող էին լինել ինչպես կտորից, այնպես էլ ջինսե՝ հաճախ մաշված, պատառոտված տեսքով։ Ջինսերը արտասահմանից ձեռք բերելու, կարել տալու կամ ինքնուրույն կարելու մասին վկայություններն անթիվ են։ Ջինսերի բարձ գները և դժվարհասանելի լինելը մի հանգամանք էր, որով Հայաստանում հիպի համարվողները տարբերվում էին արևմտյան կամ «օրիգինալ» հիպիներից: Սրա մասին բավականին ցայտուն կերպով խոսում է մեր բանասացներից մեկը. «…ջինսեր ճարելը շատ ավելի թանկ էր նստում, էլ ինչ հիպի որ ամենաթանկ բանն էր հագնում, և դա էլ այստեղ ամենաանկապ բանն է, այնտեղ ջինսը հագնում էին, որովհետև շատ էժան էր, իսկ մեր մոտ հագնում էին, որովհետև նրանք էին հագնում: Իսկ այստեղ դու ճարում ես ջինս ֆարցովկայի և այլ միջոցներով, որը ամենաթանկն էր»:
Չնայած մեզ հանդիպած ծաղրանկարներում քիչ են հանդիպում տաբատներից կախված մետաղյա շղթաներ`«ժնջիլներ», այնուամենայնիվ բանասացներից մի քանիսը նշում են դրանց առկայության մասին, հիմնականում ծանր ռոքի ի հայտ գալուց հետո։ Ծանր ռոքը, որպես մասսայական երաժշտական ուղղություն, սկսել է ընկալվել արդեն 70-ականներին, ուստի նշված երաժշտական խմբերն ու անհատները, ինչպես նաև դրանց հետ կապված հագուստի ատրիբուտիկան Հայաստանում տարածված են եղել արդեն 1970-ականների վերջին, 1980-ականների սկզբին։
Բանասացները նշում են նաև տղամարդկանց վերնաշապիկների մասին, որոնց դիմացի ու հետևի հատվածները ավելի երկար էին, քան կողքերը։ Տարածված են եղել նաև գունավոր մայկաները, երկար վզով բլուզները (водолазки)։ Ստիլյագների շրջանում տարածված էին գունավոր, գծավոր գուլպաները, կիսաբաց կամ մինչև վերջ չկոճկված, հաճախ գունազարդ և պատկերազարդ վերնաշապիկները (լինում են նաև վզի եռանկյունի կտրվածքով), գունավոր նեղ ու կարճ տաբատները։ Օրինակ, 1964թ. Ոզնի N 18 (242)
սեպտեմբերի համարում պատկերված է մի տղամարդ՝ պատկերազարդ վերնաշապիկով (թռչուն, լուսին, աստղեր), որն ունի եռանկյուն վզի կտրվածք (V-Neck), կարմիղ–նեղ տաբատով, երկարաքիթ և բարձրակրունկ կոշիկներով, գույնզգույն, գծավոր գուլպաներով։ Տղամարդը սափրված չէ, իսկ մազերը հարդարված են՝ ճակատային մասի մազերը սանրված դեպի վեր։ Ընդհանուր առմամբ, հագուստի մեջ նոր ոճերը և դրանց ուղեկցող նոր ատրիբուտիկան բավական խիստ քննադատության էին հանդիպում ավանդական հայացքներ ունեցող հասարակության ներկայացուցիչների, ավելի հաճախ տարիքով մեծերի կողմից, ինչը հատկապես դրսևորվում է 1960-ականների կեսերին ու վերջին։ Ժամանակի ծաղրանկարներում նաև շոշափվում է ստիլյագների և հիպիների «մոլուցքը» հագուստ ձեռք բերելու նկատմամբ։
ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ
Ստիլյագները, ի տարբերություն ավելի ուշ շրջանում ի հայտ եկած հիպիների, ծաղրանկարներում ներկայանում են հատուկ սանրվածքով։ Օրինակ, նրանց մազերը հիմնականում հարդարված են՝ սանրված դեպի վեր։ Սանրվածքի այդ ձևը հաճախ հիշեցնում է Էլվիս Պրեսլիին: Կոշիկները հիմնականում կրունկներով են, լինում են նաև թեթևակի սուր քթով։
Կանանց առանձնացնում էին «գզգզված» և ներկած մազերը, վառ դիմահարդարումը, հաճախ կարճ կիսաշրջազգեստները և լայն բացվածքով բլուզները։ Գզգզված մազերի հետ կապված լավ օրինակ է Ֆ. Դարբինյանի «Լավ կլիներ տեքստիլում գզող աշխատեիր» խորագրով ծաղրանկարը (Ոզնի‚ 1967‚ մարտի‚ 5)։ Ծաղրանկարում գզգզված մազերով կնոջը քննադատում է ավանդական տեսքով տատիկը։
Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա վերջիններս ամսագրերում պատկերվում են երկար և աչքերն ու ճակատը փակող մազերով: Օրինակ, 1974թ. հուլիսի 13–ի Ոզնիի համարում պատկերված են երիտասարդ տղամարդիկ և կանայք։ Տղամարդիկ կիսաերկար մազեր և մորուք ունեն։ Մազերը թափված են ճակատներին։ Նրանց հագին սև, լայն փողքերով տաբատներ են։ Երկու տղամարդկանցից մեկի հագին վերնաշապիկ է խորը՝ V-աձև բացվածքով։ Նրանք շրջապատված են չորս կանանցով։ Կանայք ունեն գզգզված մազեր՝ դեղին, կարմիր, կապույտ, չորացած վարդի գույնի։ Նրանք բոլորը հագած են սպիտակ, սուպեր–մինի զգեստներ և բարձր պլատֆորմայով ամառային կոշիկներ։ Կանանց մազերն այնքան գզգզված են, որ փակում են դեմքի մեծ մասը։ Հետաքրքիր է նաև տղամարդկանց կողմից հնչող հետևյալ հարցը. «Տեսնես սրանք ի՞նչ ազգի աղջիկներ են»։ Հետևում է աղջիկների պատասխանը. «Բա դու՞ք ինչ ազգի տղաներ եք»։ Թերթերում և ամսագրերում գտնված պատկերներում և ծաղրանկարներում հաճախ է ծաղրվում այն հանգամանքը, որ երիտասարդների կերպարանափոխությունն ու հիպիական արտաքին տեսքը նրանց դարձնում են անճանաչելի։ Այս ամենն իհարկե նկարագրվում է քննադատական բավական խիստ համատեքստում։
Տատուները չէին մտնում ինչպես ստիլյագների, այնպես էլ հիպիների ատրիբուտիկայի մեջ։ Դրանք քննարկվող ժամանակաշրջնում բնորոշ էին համարվում միայն այն մարդկանց, ովքեր բանտ են նստել, որտեղ էլ ձեռք են բերել դրանք:
ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆԵՐ
Հավաքվելու վայրերի մեջ բանասացներն առանձնացնում են հատուկ սրճարաններ՝ «Դերասան» կաֆե, «Պոպլավոկ», «Կազիրյոկ», «Սկվազնյաչոկ», որտեղ հիմնականում այցելում էին արվեստի ոլորտի մարդիկ։ Ենթադրվում է, որ այս սրճարաններում մթնոլորտն ավելի ազատական էր, այստեղ հաճախում էին ավելի ազատական գաղափարների տեր մարդիկ: Բացի սրճարաններից, հայտնի հավաքատեղիներ են եղել նաև Օպերայի, Նաիրի կինոթատրոնի շրջակայքը։ Բացի հասարակական վայրերից, հիպիների հիմնական հավաքույթները կազմակերպվում էին նրանցից որևէ մեկի տանը` հաճախ որևէ առիթի կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ, հավաքույթները կազմակերպվում էին այն տներում, ուր ավելի մեծ հնարավորություններ կային բարձր երաժշտություն լսելու (մեծ դինամիկներ, լավ մագնիտոֆոն և այլն)։ Հարցազրույցների արդյունքում հետաքրքիր օրինաչափություն է ուրվագծվում հիպի, ստիլյագ համարվողների զբաղեցրած քաղաքային տարածքների առումով: Համաձայն դրա, Երևան քաղաքի կենտրոնական հատվածը համարվում էր «հիպիական» տարածք, իսկ կենտրոնից դուրս տարածքները` «ռաբիս» տարածքներ: Ընդ որում, բանասացները նշում են, որ հատկապես 60-ականներին (հետագայում այս օրինաչափությունը հետզհետե նվազ արտահատված էր դառնում) «կենտրոնի» և «ծայրամասի» բնակիչների շփումները սահմանափակ էին, և սահմանը բավականին խիստ էր: Այս հանգամանքը նկարագրող պատմություններն ու վկայությունները բազմաթիվ են, սակայն ներկայացնենք մեկը. «պիտի աշխատեիր Երրորդ մաս չգնայիր, համարվում էր` Ցիռկից էն կողմ տամոժնյան ա, էնտեղ փողերը փոխվում ա, ու էդ կողմը արդեն Հնդկաստան ա»:
No comments:
Post a Comment