Friday, February 3, 2012

Ենթամշակույթները Խորհրդային Միության հասարակական կյանքի ուշագրավ դրվագներից մեկն են: Որոշ ենթամշակույթներ (օրինակ, «ստիլյագներ», «հիպիներ»),  լինելով արևմտյան մշակութային ազդեցությունների արդյունք և առաջնորդվելով ազատության ու ազատ ինքնարտահայտման գաղափարներով, մարտահրավեր էին ինչպես կոմունիստական իշխանության, տիրող սոցիալիստական կենսակերպի, այնպես էլ տեղական ավանդական մշակույթի համար: Որպես կանոն սկիզբ առնելով Խորհրդային Միության գլխավոր քաղաքներում, այն է՝ Մոսկվայում և Լենինգրադում, այս շարժումները տարածվում էին ողջ երկրով մեկ և հասնում Հայաստան: Ցավոք, Հայաստանում տարբեր ենթամշակույթների պատմությունը դեռևս չի արժանացել անհրաժեշտ ուշադրության, մինչդեռ դրանց ուսումնասիրությունը կարող է լույս սփռել մի շարք խնդիրների վրա, որոնք բացի զուտ գիտական նշանակությունից, առնչություն ունեն նաև այսօրվա Հայաստանում առկա խնդիրների հետ: Մասնավորապես՝ Խորհրդային Հայաստանում ենթամշակույթների օրինակով ազատության դրսևորումների ուսումնասիրությունը կարող է ուշագրավ լինել առնվազն հետևյալ երկու դիտանկյունից.
ա/ Ազատության գաղափարների տարածումը փակ համակարգերում
Ինչպե՞ս էին գլոբալ գաղափարները (մոդա, կենսակերպ) հասնում Հայաստան խորհրդային փակ համակարգի պայմաններում: Ովքե՞ր էին այդ գաղափարների հետևորդները Հայաստանում և ի՞նչ դրդապատճառներով էին նրանք որդեգրում դրանք: Տեղական ի՞նչ դրսևորումներ էին ստանում ազատական շարժումները Հայաստանում: Ինչպե՞ս էին դիմակայում «պաշտոնական» և հասարակական լայն շերտերի հակազդեցությանն ու հակակրանքին:
բ/ Խորհրդային Հայաստանում և ավանդական հայ մշակույթի պայմաններում հանդուրժողականության, այլախոհության, ազատ ինքնարտահայտման խնդիրը
Արդյո՞ք ենթամշակույթները բողոքի դրսևորում էին տիրող քաղաքական համակարգի կամ մշակույթի դեմ: Արդյոք պետական գաղափարախոսական մեքենան խոչընդոտներ չէ՞ր հարուցում ենթամշակույթների հետևորդների ինքնադրսևորման համար: Որքանո՞վ էր հանդուրժող տեղական ավանդական մշակույթը ենթամշակույթների կողմից ներմուծված ազատ վարքագծի նոր կանոններին: Առօրյա կյանքում դիմադրության ինչպիսի՞ եղանակներ ունեին ենթամշակույթների ներկայացուցիչները տեղական հակազդեցությանը դիմագրավելու համար:
   Խորհրդային Հայաստանում ենթամշակույթների ուսումնասիրությունը կարող է նպաստել գլոբալացվող աշխարհի պայմաններում՝ Հայաստան՝ ազատության հետ կապված նոր գաղափարների և կենսակերպերի ներթափանցման, տարածման, ադապտացիայի և դրանց նկատմամբ հակազդեցության մեխանիզմների կոնցեպտուալ հիմքերի ըմբռնմանը: Խորհրդային Հայաստանի պայմաններում ազատական գաղափարները տարածողների կողմից որդեգրված առօրյա դիմադրության եղանակները կարող են ուշագրավ և ուսանելի լինել նաև մեր օրերի համար: Հետազոտությունն իր եզրակացություններով կարող է նպաստել երկրում հանդուրժողականության, այլակարծության և ազատ ինքնադրսևորման հիմքերի ամրապնդմանը: