Պորտաբուծություն

Պորտաբուծությունը Խորհրդային Միությունում համարվում էր խիստ պարսավելի երևույթ‚ քանի որ հասարակության կազմակերպման սոցիալիստական գաղափարախոսության կառավարման համակարգի տեսանկյունից հասարակության բոլորը անդամները պարտավոր էին իրենց մասնակցությունը ունենալ ընդհանուր «ապագայի»` պետության կառուցման գործում:
Ընդհանրապես‚ սոցիալական պառազիտիզմի դեմ քննադատաբար հանդես գալը բնորոշ էր սոցիալիստներին դեռևս XIX դարից (օրինակ, «Ինտերնացիոնալի» տեքստը` Ouvriers, paysans, nous sommes // Le grand parti des travailleurs: // La terre n’appartient qu’aux hommes // L’oisif ira loger ailleurs. Մենք` բանվորներս և գյուղացիներս‚ աշխատավորների մեծ բանակ ենք: Աշխարհը մարդկանց է պատկանում միայն‚ իսկ պորտաբույծը կգնա ապրելու այլ վայրեր»:):
Խորհրդային Միությունում աշխատանքի հանդեպ վերաբերմունքը կարգավորվում էր սահմանադրությամբ: 1936թ. ԽՍՀՄ Սահմանադրության 12-րդ հոդվածը հռչակում էր. «ԽՍՀՄ-ում աշխատելու ունակ յուրաքանչյուր քաղաքացու համար  աշխատանքը պատվի գործ է` համաձայն «ով չաշխատի‚ նա չի ուտի» սկզբունքի»:
Տեր-Ղազարյան Հ.‚ Ոզնի‚ օգոստոսի 15‚ 1978
Այս հոդվածի հիման վրա 1961թ. մայիսի 4-ին ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը ընդունեց որոշում, համաձայն որի «Ուժեղացվում էր պայքարը այն անձանց (անբանների‚ պորտաբույծների‚ ձրիակերների) նկատմամբ‚ ովքեր խուսափում էին հանրօգուտ աշխատանքից և վարում էին հակահասարակական պորտաբույծ կյանք»:
ՌՍՖՍՀ օրենսգրքի 209 հոդվածը սահմանում էր պատասխանատվություն այսպես կոչված «պորտաբույծ կյանքի» երեք տարբեր ձևերի համար‚ որոնք ձևավորում էին ինքնուրույն հանցակազմեր: Դրանք էին` թափառաշրջիկությունը‚ մուրացկանությունը և այլ տիպի պորտաբույծ կյանքով ապրելը: Վերջին կետը վերաբերում էր այն անձանց‚ ովքեր տարվա մեջ ընդհանուր թվով չորս ամիս խուսափել են հանրօգուտ աշխատանքից և շարունակել են նույն ապրելակերպը պաշտոնական նախազգուշացումից հետո: «Հանրօգուտ աշխատանք» էր համարվում պետության կողմից լիազորված աշխատանքը: Ուսուցումը ԽՍՀՄ-ում համարվում էր «հանրօգուտ աշխատանքին» համարժեք գործունեություն: Չաշխատել կարող էին միայն տնային տնտեսուհիները‚ ովքեր երեխաներ ունեին: Ամուրի և երեխա չունեցող կանայք չաշխատելու պարագայում մեղադրվում էին պորտաբուծության հոդվածով:
ԽՍՀՄ-ում պորտաբուծության հոդվածով դատապարտվածներին կցվում էր ռուսերեն БОРЗ (без определённого рода занятий) հապավումը:
Ընդհանուր առմամբ գործնականում‚ պորտաբուծության հոդվածը Խորհրդային Միությունում օգտագործվում էր համակարգին դեմ արտահայտվողներին‚ այլախոհներին և ինտելեգենցիայի «ըմբոստ» հատվածին մեղադրանքներ և պատիժներ ներկայացնելու համար: Դրա վառ օրինակ է բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին‚ որին 1964 թ. ապրիլի 13-ին պորտաբուծության հոդվածով ձերբակալել և դատապարտել են հինգ տարի ազատազրկման սիբիրյան գաղութներում: Նույն ճակատագրին է արժանացել նաև պատմաբան և հրապարակախոս Անդրեյ Ամալրիկը: Սերգեյ Դովլատովը մինչև արտագաղթը անընդհատ գտնվում էր պորտաբուծության մեջ մեղադրվելու վտանգի տակ: Հայտնի գրող և բանաստեղծ Վլադիմիր Վոյնովիչին ժամանակին հեռացրել են Գրողների միությունից պորտաբուծության համար: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել:
1991թ. ապրիլին` «Բնակչության զբաղվածության մասին» օրենքը ընդունելուց հետո, դադարեցվեց պորտաբուծության համար քրեական պատասխանատվության ենթարկումը’ հետագայում սահմանադրության մեջ ամրագրելով քաղաքացիների աշխատանքի իրավունքը:

Խորհրդային Հայաստանի 1960-70-ական թվականների տպագիր մամուլի‚ մասնավորապես Ոզնի ամսաթերթի և Ավանգարդի  ուսումնասիրությունը ցույց է տալիս‚ որ պորտաբուծության թեման հանդես է գալիս առանցքային դերում` ստիլյագներին և հիպիներին վարկաբեկելու համար: Ինչպես ստիլյագները, այնպես էլ հիպիները դրոշմավորվում են որպես անբաններ և ծնողների հաշվին ապրող մարդիկ: 
Կարապետյան Մ.‚ Բազիս և վերնաշեն‚ Ոզնի‚ № 12‚ 1962
Ընդհանուր առմամբ‚ «անբան»,-ների` ծնողների հաշվին ապրող և կոկտեյլարաններում ու սրճարաններում անիմաստ ժամանակ վատնող երիտասարդների  դիսկուրսը «Ոզնին» պատկերում է հետևյալ կերպ: Օրինակ` Մ.Կարապետյանի «Բազիս և վերնաշենք» վերնագիրը կրող ծաղրանկարում (Ոզնի 1962, հունիս N 12պատկերված են չափահաս տարիքի (քսան տարեկանն անց) տղա և աղջիկ, որոնք նստած են (ճոճորվում են) երկար փայտե տախտակի երկու ծայրերին, որն էլ իր հերթին դրված է մեծահասակ տղամարդու մեջքին: Տղան և աղջիկը հագնված են «ստիլյագավարի». առաջինը կրում է կապույտ անդրավարտիք, գույնզգույն վերնաշապիկ, կանաչ գծավոր գուլպաներ, ձևավոր սուրքիթ կոշիկներ: Նկարիչը տղայի ձախ ձեռքի ճկույթին մատանի է դրել, ձեռքին նաև ժամացույց կա: Աչքերին մուգ արևային ակնոց է: Ձեռքին շամպայնով լիքը բաժակ կա: Տղայի մազերը դեպի հետ են սանրված, այդքան էլ երկար չեն: Երկարավուն են բակենբարդները:
Աղջկա հագին գույնզգույն, վառ զարդանախշերով երկար զգեստ է և նացուցադրաբար պարզել է իր վզնոցը:
Տախտակի տակ չորեքթաթ կքած տղամարդը տանջահար դեմք ունի: Նրա հագուստից կարելի է եզրակացնել` նա գրասենյակի աշխատող է: Նա, կարելի է ենթադրել, տղայի հայրն է
Այս ծաղրանկարի հիմնական բացասական կոննոտացիան վերաբերում է ստիլյագավարի կյանք վարող երիտասարդների անբանությանը, որը նկարից բացի արտահայտվում է նաև նկարին ուղեկցող երկխոսությամբ.
-  Զգույշ, վայր չընկնենք:
- Հանգիստ մնա, քանի պապայիս մեջքը կա` մենք ընկնողը չենք:    

Տեր-Ղազարյան Հ.‚ Անառակ որդին
Ոզնի‚ № 8‚ 1973
Մեկ այլ օրինակ է Ոզնիի ապրիլյան համարում (1973, N 8) տպագրված նկարիչ Հայկ Տեր-Ղազարյանի  «Անառակ որդին» ծաղրանկարը, որում շարունակվում է պճնամոլ երիտասարդի` ծնողների հաշվին պորտաբույծ կյանք վարելու թեման: Տարբերությունն այստեղ այն է, որ պճնամոլ երիտասարդի պատկերում ավելացել են հիպիական ոճի տարրեր: Մասնավորապես, ծաղրանկարում մենք տեսնում ենք մեկականի հեծանիվ քշող` մինչև ուսերը հասնող մազերով և մորուքով արծվաքիթ երիտասարդի: Նա կարմիր զարդանախշերով դեղին վերնաշապիկ է կրում, կարմիր երկար փողկապ և կանաչ անդրավարտիք: Մի ձեռքին ծխախոտ է, մյուս ձեռքում` ռադիոընդունիչ: Տղայի փակ աչքերից կարելի է ենթադրել, որ նա ըմբոշխնում է երաժշտությունը և ծխախոտը: Նկարիչը, որպես հեծանվի միակ անիվ, պատկերել է տղայի ծնողներին, որոնք միմյանց ոտքերից բռնված օղակ են կազմել և անիվի դեր են կատարում: Կարելի է կարծել, որ տվյալ նկարում քննադատությունն ուղղված է ինչպես երիտասարդ տղային, այնպես էլ նրա ծնողներին, որոնք կարծես կամովին համաձայնել են անիվի դեր ստանձնել: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս նկարում միախառնվել են «ստիլյագական» և «հիպիական» ոճերը` երկար մազեր, մորուք, վառ գույներով վերնաշապիկ և փողկապ:
Ի տարբերություն Ոզնիի դիսկուրսի‚ որը պորտաբուծության թեման դիտարկում է «ծնողներ-զավակներ»‚ այսինքն ավանդական արժեքների համատեքստում‚ «Ավանգարդ» պարբերականն այն ներկայացնում է գաղափարական հենքի հիման վրա` հիմնավորելով այն դրույթը, թե հիպիների անբանությունը և այգիներում պարապ-սարապ  ժամանակ անցկացնելը «օրենքի‚ պարտականությունների և բարոյականության դեմ» է (Վ. Մուրադյան‚ «Ինչ են ուզում հիպիները»‚ Ավանգարդ‚ 1971‚ հունիսի 1‚ № 63 (մաս1)):
Ընդհանրապես‚ Վ. Մուրադյանը վերոհիշյալ հոդվածների շարքում կենտրոնական տեղ է հատկացնում հիպիների պորտաբուծության‚ թափառական և  անբան լինելու թեմային: Հոդվածագիրը նկարագրում է իր տեսած հիպիի կերպարը‚ որը ողջ օրը կարող է նստել «անշարժ և հայացքը սևեռած երկինք»‚ վատնել իր երիտասարդ տարիները թափառականության մեջ‚ ապա վերադառնալ տուն և վայելել «հոր կուտակած դրամը»: Հոդվածագիրը զարգացնում և ընթերցողին տրամաբանական բացատրությունների և օրինակների միջոցով հանգեցնում է այն մտքին‚ որ հիպիզմը բնորոշ է ունևոր խավի երիտասարդությանը‚ որը կարող է չաշխատել կամ էլ աշխատել «մեկ երկու ամիս տարվա ընթացքում» և գոյատևել իր ընտանիքից վերցված «պաշարների» շնորհիվ: (Վ. Մուրադյան‚ «Ինչ են ուզում հիպիները»‚ Ավանգարդ‚ 1971‚ հունիսի 5‚ № 65 (մաս 3))
Հատկանշական է‚ որ «Ավանգարդի» դիսկուրսը հիպիների ընտանիքների վերաբերյալ նույնպես կրում է գաղափարախոսական երանգ‚ քանի որ «ընտանիքն» այս  համատեքստում ներկայացվում է որպես «կապիտալիստական ընտանիք»‚ դրանից բխող հետևանքներով:
Տեր–Ղազարյան  Հ.‚ Ապրում է ըստ պահանջի‚
Ոզնի‚ № 14‚ 1964
Սովետական հասարակության համար անընդունելի այս հատկանիշի վերագրման շարունակականությունը (ստիլյագների, հետո հիպիների նկատմամբ) թույլ է տալիս կարծել, որ պորտաբուծության պիտակն արհեստականորեն է «կպցվել» անցանկալի վարքագիծ ունեցող խավերի վրա, անկախ այն բանից` նրանք աշխատում էին‚ թե ոչ: Սա հատկապես ակնհայտ է դառնում  բանասացների  ճնշող մեծամասնության պատասխաններից, որոնց համաձայն Հայաստանում հիպիական համարվող երիտասարդները սովորելուն զուգահեռ սեփական աշխատանքով և գիտելիքով  կարողանում էին գումարներ վաստակել:   Նրանք աշխատում էին որպես բանվորներ‚ բեռնաթափողներ‚ պահակներ, ինչպես նաև սպասարկման ոլորտում‚ իսկ մասնագիտություններ ստանալուց հետո` ըստ մասնագիտությունների: Այս ամենը նրանց հնարավորություն էր տալիս բավարարել իրենց «հիպիական» պահանջները: Ինչ վերաբերում է պաշտոնական դիսկուրսի մեղադրանքի երկրորդ բաղկացուցչին‚ որը նրանց վերագրում էր ալկոհոլի‚ հաշիշի և թմրադեղերի օգտագործում‚ ապա պետք է նշել‚ որ ըստ բանասացների ալկոհոլի այս կամ այն տեսակը իհարկե զուգորդել է իրենց ժամանցի կամ երաժշտական գործիքներով նվագելու գործունությանը, սակայն երբեք կենտրոնական տեղում չի եղել: Հաշիշի օգտագործման (բայց ոչ այլ թմրադեղերի), ինչպես նաև քնաբեր տարբեր հաբերի օգտագործման պատմություններ նույնպես գրանցել ենք, սակայն դրանք նույնպես եղել են վերոնշյալ տրամաբանությամբ: Հանրային տարածքներում պարապ-սարապ թրև գալու կամ անգործ նստելու պրակտիկաները Հայաստանում տարածված չէին. Նախվերահսկող մարմինների և հանրային պարսավանքի պատճառով: Երիտասարդների համար հավաքատեղիներ էին հիմնականում բնակարանները’ նկարիչների արվեստանոցների “երաժշտական անկյունները”, սեփական տների պարագայում   կիսանկուղային հարկերում հարմարեցված տարածքները ևն: 

No comments:

Post a Comment