1.«Բուրժուական հասարակության գունագեղ հիպիների անհավասարությունը» և հիպիների բազմազանությունը Երևանում
Ավանգարդի 1972 թ. համար 111
(7547)-ում (սեպտեմբերի 15) «Գունագեղ հիպիների անհավասարությունը» վերնագրով հոդվածում (թարգմանություն) նկարագրվում և հիմնավորվում է «արևմտյան հիպիների» սոցիալական անհավասարությունը, «քչով յոլա գնացող» և «լի քսակներով» հիպիների կամ «արքայազն» և «աղքատ» հիպիների խմբերի գոյությունը: Հեղինակը լուսաբանում է նաև, որ թվացյալ «ժամանակակից բուրժուական հասարակությունից փախչողներ»-ի մեջ ընդհանրությունը միայն արտաքին տեսքն է, իսկ սովորություններով, հետաքրքրություններով և համոզմունքներով, նրանք տարբեր են: «Նրանց մեջ էլ կան վերևներ և ներքևներ»,- շարունակում է հոդվածագիրը` վերևիններին ամրագրելով «բազմագույն չթի կտորներով գնչուական տիպի վերնաշապիկ, հնեցված տեսքի անդրավարտիք, փայտե ներբանով կոշիկներ»: Վերևինների ներկայացուցիչը, ըստ հոդվածագրի, ըստ ամենայնի հետագայում կանցնի աշխատանքի «հայրիկի ֆիրմայում»: Ի տարբերություն նրանց, կան նաև «անդրավարտիքի իրական ծակերով հիպիներ». դրանք ներքևիններն են կամ «ստորին խավի հիպիները»: Հոդվածն ավարտվում է հետևյալ եզրակացությամբ. «հիպիզմը համարվում է «բացարձակ» ազատության արտահայտություններից մեկը, սակայն իրականում այն նույն դասակարգային ու սոցիալական անհավասարություններով լի բուրժուական իրականությունն է»:
Հոդվածագիրն ըստ էության փորձում է լուծել առնվազն երկու խնդիր. տեղեկացնել ընթերցողներին արևմուտքում հիպի շարժման որոշ առանձնահատկությունների մասին` միաժամանակ ցույց տալով նրանց գաղափարախոսության «թույլ» կողմերը և ցույց տալով, որ, այնուամենայնիվ, այդ շարժումը մնում է «բուրժուական» իրականություն: Տեղեկատվական և քննադատական գործառույթ ուներ նաև դրանից մեկ տարի առաջ տպագրված «Հանճարեղ հիպիները» վերնագրով հոդվածը:
1970
թ. Ավանգարդի հունիսի համարներից մեկում (N 9) լույս տեսած «հիպիները չեն վերացել» վերնագրով հոդվածը հայախոս հասարակությունը Հայաստանում և հատկապես Երևանում ծանոթացնում էր հիպիների և նրանց շարժմանը արևմուտքում: Ըստ մեր հարցազրույցների, այս հոդվածն էր թերևս այն ջրբաժանը, որից հետո հասարակության մեջ տարբերվող մարդկանց սկսեցին անվանել հիպիներ: Տարբերվող մարդիկ հագնում էին գունավոր հագուստներ (նախշավոր կամ ծաղկավոր), ջինսե կտորից լայն փողքերով տաբատներ, տղամարդիկ ունեին համատարած կարճ սանրվածքից տարբերվող, մինչև ուսերը հասնող երկար մազեր, երբեմն մորուք: Նրանցից ոմանք լսում էին «այլ» երաժշտություն և կարդում էին «այլ» գրականություն, ամսագրեր: Այս մարդիկ հիմնականում երիտասարդներ և դեռահասներ, տարբեր էին ոչ միայն այն կերպարից, որն ընդունված էր խորհրդային հասարակություններում «պաշտոնապես», այլև հասարակության մեծ մասի կողմից ընդունելի առօրեական կերպարներից` «կարճ կտրած մազերով տղամարդիկ, սև հագուստներով, բաճկոնով», ինչպես դիպուկ նկարագրեց մեր բանասացներից մեկը:
Ինչպես բանասացներից մեկն էր նշում. «Երևանում ստացվում էր այնպես, որ ոչ թե դու էիր դառնում հիպի, այլ քո տարօրինակությունները ստանում էին «подհիպի», և սիրուն/լավ հագնվելու ձգտումը դառնում էր «подստիլյագա» արտահայտություններ»:
Մեկ այլ բանասաց հիպիների վերաբերյալ հարցին արձագանքեց. «...[Հիպիզմը] ի հայտ եկավ ռոք երաժշտություն լսելուց. Beatles էին լսում, Zeppelin էին լսում, նրանց ընդօրինակում էին, մազերը երկարացնում էին, էն տգետ մասսան էլ, որ լսում էր դմբո թուրքական մուզիկա, դրանց ասում էր հիպի»:
Հիպի բառի վերագրման և հիպի-ռաբիզ (պայմանականորեն ասված) հակադրության մասին ցայտուն խոսում է նաև բանասացներից մեկի հաղորդած միտքը. «Դա ավելի շուտ ավանդականներն էին, որ իրանց գողական ա ձևացնում, դրանք էին ասում սրան սա հիպի ա, քան էդ հիպին էր ասում` ես հիպի եմ: Նրանք էին տարբերություն դնում, որ հա եթե սա արվեստի հետ գործ ունի, ազատ ա, ուրեմն հիպիական ա գնում...իրան ավելի շատ ասւոմ էին հիպի քան հիպին էր իրան կարծում որպես հիպի»:
Վերագրված հիպիները հայաստանյան իրականությունում, ինչպես մեր հարցազրույցներն են վեր հանում, շարժում չէին կազմում, ենթամշակութային խումբ չէին, հիմնականում ընկերական խմբեր էին կամ անհատներ: Նրանք միատարր չէին, բազմազան էին: Միաժամանակ կարելի է ասել, որ նրանք հիմնականում Երևանի ժամանակի կենտրոնի բնակչությանը հատուկ երևույթներ էին 60-ականների վերջին և 70-ականների սկզբին: Հիպիների բազմազանությունը ավելի ակնառու դարձավ, երբ հետազոտության ընթացքում մենք փորձում էինք վերհանել «հիպիության» դրդապատճառները, մոտիվացիան: Բանասացների մի խումբը նշում էր, որ Հայաստանում «հիպիությունը» առաջանում էր ի հակադրություն ռաբիսների: Կային օրինակ, “смерть рабизам» կրծքանշաններ, բանասացների հարցազրույցներում հստակ էր ռաբիս-հիպի հակադրությունը: Օրինակ` «Իրանց գլխավոր բանն էն էր, որ ռաբիսների դեմ պայքարեին» (, «Ով որ տգետ էր, Բաքուն միացնում էր ու գնաց, իսկ ով որ զարգացած էր, տենց երաժշտություն էր լսում», «70-ական թվականներից ես հիշում եմ, որ բաժանված էր քաղաքը երկու մասի, կենտրոնի մեծամասնությունը հիպիական շարժման, արվեստագետների տեղ լիներ կարծես: Կային ռաբիսներ այսպես կոչված, որոնք ոչ ջինսով էին, ոչ երկար մազեր ունեին, ծիծակ լակիռովաննի կոշիկներով, սև հագուստով»:
Հայաստանյան հիպիների մի խմբի համար առանցքային էր ինտելեկտուալ առավելությունը, որ նրանք ունեին մյուսների նկատմամբ, որովհետև կարողանում էին ձեռք բերել և ընթերցել արևմտյան գրականություն (Նիցշե, Ֆրեյդ, Հեսսե, Սելին, Մարկուզե, Կեռուակ, ևն), ամսագրեր (Observer, Америка), ծանոթանալ համաշխարհային մշակույթի տարրերին: Նրանց համար կարևոր էր նաև կարդացածը քննարկելու հնարավորություն ունենալը և ինֆորմացիոն բազան ընդլայնելը: Այստեղ առավելություն էին ունենում նրանք, ովքեր տիրապետում էին ռուսերենին, ավելի հազվադեպ էին հանդիպում մարդիկ, որոնք նաև անգլերեն էին կարողանում կարդալ: Ինտելեկտուալ գործունեություն էր պահանջում նաև ժամանակի հիպիության մեկ այլ կարևոր տարրի` երաժշտության և երգերի տեքստերը հասկանալն ու թարգմանելը, որը իր հետ բերում էր նաև միջավայրն ու ենթատեքստերը հասկանալուն ուղղված ջանքեր և քննարկումներ:
Հայաստանյան հիպիների շրջանում շատ տարածված էին երաժշտական խմբերի գործունեությանը հետևելը, երգերի, երաժշտությունների ընդօրինակումներն ու վերարտադրությունները, հետագայում նաև տեղայնացումները: Այսինքն, երաժշտության շուրջ խմբեր կազմելը կամ ժամանցը կազմակերպելը, երգիչներին ու երաժշտական խմբերին նմանակելը հիպիության կարևոր նշաններից էին: Այս առումով հայաստանյան հիպիների մեջ առանձին մաս էին կազմում մարդիկ, որոնց համար Բիթլզները կարևոր էին և ընդօրինակելի: Բանասացները պատմում են, որ ինքնաշեն երաժշտական գործիքներով կամ ուժեղացուցիչներով նրանք փորձում էին նմանակել այս կամ այն հայտնի երգչին կամ խմբին (օրինակ, Ջ. Հենդրիքս, Լեդ Զեփփելին և այլն) երգերը: Նրանք երբեմն այնքան էին «պարապում», որ իրենց կատարումը հնարավորին չափ մոտենար օրիգինալին, ուսումնասիրում էին երգի ամեն մի բառը, բազմաթիվ անգամ փորձեր էին անում, որպեսզի հնարավորին չափ լավ նվագեն:
Հիպիների արտաքին ատրիբուտներին հետևելը և կիրառելը շատերի համար դառնում էր մոդա և վերարտադրվում էր այնպես, ինչպես մոդայի այլ տարր: Մի մասի համար էլ հիպիությունը կամ ստիլյագությունը անհատականությունն ընդգծելու, միջին ընդունվածից տարբեր լինելու, երիտասարդական ակտիվություն ցուցաբերելու (որպես այլընտրանք կոմսոմոլական գործունեության) միջոցներից մեկն էր:
2. Կենտկոմական հայրերը և «վատ» երաժշտություն լսող որդիները
Հարցազրույցները վեր հանեցին մի օրինաչափություն ևս, ըստ որի հիպիության[1] համար երիտասարդների շրջանում նպաստող գործոններ են եղել «կենտկոմական» ընտանիքում ապրելը, Երևանի կենտրոնում բնակվելը, ռուսալեզու (կամ երկլեզու) միջավայրը:
Կենտկոմի անդամ կամ Կենտկոմի հետ առնչություններ ունեցող ծնողները որդիների համար կամա թե ակամա հանդես են գալիս որպես «իստոչնիկ» կամ «կանալ» երաժշտական կրիչների, ամսագրերի, երաժշտական գործիքների, հագուստների, արտասահմանի հետ կապերի համար: Քանիոր ընտանիքում նրանց վերաբերվել են որպես «երեխաներ», և համապատասխանաբար նրանց «վատ» երաժշտական կամ հագուստի ճաշակը նույնպես դիտարկել են` որպես «երեխայի առանձնահատկություն»: Այս երևույթը պատկերավոր կերպով արտացոլված է բանասացներից մեկի հետևյալ պատմության մեջ. «Ես մերոնց համար թղթի վրա նկարեցի մի գիտար և խնդրեցի բերել ինձ այդ գործիքից, և պատկերացնում եք նրանք բերեցին այն: Ես ոչ մի կերպ չէի սպասում, նրանք կարելի է ասել դեմ էին այդ կուլտուրային, իմ սենյակից միշտ իրենց լեզվով ասած վատ երաժշտություն էր լսվում»:
Հատկապես այն դեպքերում, երբ երիտասարդների հիպիությունը զուգորդվում էր նաև ինտելեկտուալ գործունեությամբ և խաղաղ կենսաձևով, ընտանիքներում այն ընդունելի էր դառնում, որոշ դեպքերում` անգամ խրախուսվում: Ներընտանեկան միջավայրում ազատության և ըստ սեփական նախասիրությունների գործունեություն ծավալելու համար երիտասարդներին որպես ռեսուրս էր ծառայում նաև այն, որ նրանք, այնուամենայնիվ, կարողանում էին շաբաթ-կիրակի օրերին կամ արտահերթ աշխատելու հաշվին լրացուցիչ եկամուտներ ապահովել (գումարով նվագել, բժշկական այս կամ այն գաղտնի ծառայություններ մատուցել, ներգրավվել բանվորական աշխատանքներում և այլն): Նման ազատություն ապահովող ռեսուրս դեռահասների համար երբեմն հանդես էին գալիս դպրոցում լավ սովորելը, կամ անհատական բարոյական հատկանիշները, որոնք գնահատվում էին կամ մեծ մասի կողմից, կամ համակրանք էին առաջացնում դպրոցի ազդեցիկ ուսուցիչներից ոմանց մոտ: Բանասացների օրինակները շատ էին, բայց ներկայացնենք մեկը, որը բավականին լավ արտահայտում է այս երևույթը. անգլերենի ուսուցչուհին և դասղեկը, որը, ինչպես և իր աշակերտը, այն է` բանասացը, տարված է եղել Պ. Սևակի ստեղծագործություններով, և բնականաբար, որոշակի համակրանք է տածել բանասացի և նրա նախասիրությունների նկատմամբ, թեև «ի պաշտոնե հանդիմանել է նրան մի թեթև, երբեմն ուղարկել տուն շալվարը փոխելու»:
Ռուսաց լեզվին, որոշ դեպքերում նաև անգլերենին[2] տիրապետելն այս խմբերի համար «արևմուտքի» արժեքներին հաղորդակից լինելու պայման են եղել` յուրատեսակ «պատուհան դեպի գլոբալ» կամ, ավելի դիպուկ, «գլոբալից պատուհան» դեպի հայաստանյան (երևանյան) ստիլյագների և հիպիների համար: Լեզվի իմացությունների շնորհիվ նրանք հնարավորություն էին ունենում հաղորդակցվել ռուսերեն մամուլի նյութերին, այսինքն գոնե համաժամանակյա տեղեկատվություն ստանալ Մոսկվայից, Լենինգրադից: Ընդ որում, այն պատուհանները, որոնք բացվում էին ռուսերենի միջոցով, ավելի շատ ինֆորմացիա էին բերում: Կային երիտասարդներ, որոնց համար նմանատիպ պատուհան բացվում էր անգլերենի միջոցով: Այսպես, մեր հարցազրույցներից ակնհայտ էր, որ ռուսերենը դառնում է որպես ռուսական մամուլին և գրականությանը հաղորդակցվելու հնարավորություն, իսկ անգլերենը կամ որոշ դեպքերում, օրինակ, պարսկերենը (հայրենադարձներն իրենց հետ բերում էին նաև մշակութային և ժամանցային ամսագրեր կամ թերթեր, որտեղ ոչ միայն տեքստեր էին ֆիլմերի, երգիչների, խմբերի, մշակութային ոճերի կամ մոդայի մասին, այլև նկարներ)` այդ ամենն ավելի ընդլայնելու հնարավորություն:
3. Հիպիությունը Հայաստանում. ադապտացիոն մեխանիզմներ և ստեղծագործականություն
Հիպի լինելու և համապատասխան կենսաձև վարելու համար մարդիկ առօրյա կյանքում առկա իրականությունը ճեղքելու միջոցներ են մտածել, փորձարկել և իրագործել: Ստեղծագործականություն է կիրառվել նաև «արևմտյան» իրերին ու երևույթներին նմանակելու և դրանք տեղայնացնելու համար: Այս իմաստով տարածված էր հագուստները ձևափոխելը կամ կարելը. ստիլյագաների դեպքում տաբատները նեղացնելը, հետագայում էլ ջինսե հագուստները «մաշացնելը», «մասնակի պատռելը»: Ամսագրերից, նկարներից կամ հեռուստատեսությամբ (այն դեպքում, երբ որևէ նյութ էր հայտնվում) տեսած հագուստների վերարտադրությունը հնարավոր էր դառնում նաև դերձակների մոտ, «ատելյե»-ներում պատվիրելու կամ ինքնուրույն կարելու միջոցով: Մյուս կողմից, պաշտոնական մամուլում հանդիպում ենք քննադատության օրինակներ նշված երևույթների նկատմամբ: Ոզնի թերթն իր համարներից մեկում (Ոզնի, 1979թ., փետրվար N 4, էջ 2) տպագրել է հինգ մանրապատումից բաղկացած ծաղրանկար (հեղինակ` Բ. Սալիվոնչիկ): Առաջինում մի կին երկար մազերով մի տղամարդու նվիրում է նոր, ջինսե լայն փողքերով տաբատ։ Հաջորդ նկարում տղամարդը նետում է ջինսը գետնին և սկսում փոշեծծիչով քրքրել այն։ Երրորդ նկարում նա ինչ–որ կարմիր ուղղանկյունաձև առարկայով (հավանաբար աղյուս է) մաշեցնում է ջինսը՝ վրան անցքեր առաջացնելով: Արդյունքում չորրորդ նկարում երկարահեր տղամարդը պատկերված է ասեղն ու թելը ձեռքին՝ քրքրված ջինսը կարկատելով, իսկ գետնին մկրատ է ընկած։ Հինգերորդ նկարում արդեն տղամարդն իր «մաշված և կարկատված» ջինսե հոլիդեյ տաբատով կանգնած է հայելու առջև՝ գոհ դեմքով և ասում. «Այ հիմա կարելի է առանց ամաչելու մարդամեջ դուրս գալ»։ Բանասացները պատմում են նաև ինքնաշեն ուժեղացուցիչների կիրառմամբ հեռախոսով երաժշտություն լսելու և այդ երաժշտության տակ պարելու մասին (60–ականների կեսերից): Ստեղծագործականության առանձին դաշտ պետք է դիտարկել հայտնի երաժշտական խմբերի կամ երգիչների երգերի նմանակումը երաժշտական խմբեր ստեղծելու և համատեղ ջանքեր գործադրելու միջոցով: Ավելին, երգերի բառերը գտնելու, հասկանալու և մեկնաբանելու համար նույնպես ջանքեր էին գործադրվում, ինչը բերում էր նոր արժեքների ստեղծման: Ստեղծվել են սարքավորումներ, որոնցով հնարավոր է դարձել ռադիոյի ալիքներ որսալը
(«Голос Америки»,
«Монте Карло»): Բանասացներից մեկը պատմում էր դեռևս 60-ականների վերջում իր և ընկերոջ կողմից կիթառ պատրաստելու, հոկտեմբերիկի կամ այլ կոմկուսական կրծքանշանները «հիպիական» բովանդակությամբ լցնելու կամ շամպայնի շշերի միջոցով «Լենոնի ակնոցներ» պատրաստելու փորձերի մասին: Բանասացներից մի քանիսը պատմում էին նաև այնպիսի պրակտիկաների մասին, որոնք թույլ էին տալիս բուհական դահլիճներում կազմակերպված համերգների ժամանակ նվագել արգելված ստեղծագործություններ, որոնք այլ կերպ հնարավոր չէր լինի ընդգրկել համերգի պաշտոնական երգացանկում:
Ըստ հարցազրույցների տվյալների, Երևանի կենտրոնի (որը հիմնականում համընկնում է այսօրվա փոքր կենտրոնի հետ) բնակիչ չհանդիսացող «հիպի» շատ երիտասարդներ կիրառում էին նաև «երկակի հագուստների» հնարքը. տանից դուրս էին գալիս առօրյա հագուստով, կենտրոնում հագնում իրենց ուզած հագուստը, իսկ տուն վերադառնալուց առաջ կրկին վերահանդերձավորվում: Նույն հնարքը կիրառվել է նաև դպրոց գնալու պարագայում (հատկապես ավարտական դասարաններում):
[1] Հիպի և հիպիություն բառերը հայաստանյան համատեքստում
կիրառում ենք պայմանականորեն` նշելու համար այն մարդկանց խումբը, որոնց հիպի էին համարում
կամ «իրենք իրենց հիպի էին կարծում»` հասկանալով և ընդունելով, որ հիպիությունը հայաստանյան
իրականության մեջ հանդես եկավ ավելի շատ որպես ոճ կամ արտաքին ատրիբուտային տարբերություն
և երաժշտական նախասիրություն, քան որպես կենսաձև կամ աշխարհայացք:
[2] Հենտաքրքրական
է այն փաստը, որ 1961 -1962 ուս. տարվանից սկսվում է օտար լեզուների բարելավված դասավանդումը
ըստ Մինիստրների խորհրդի համապատասխան որոշման: Նախատեսվում էր բարելավել երկրում օտար
լեզուների դասավանդումը, մասնավորապես ուժեղացնել անգլերենի դասավանդումը’ դարձնելով
այն, որպես հիմնական օտար լեզու (մինչ այդ նույն նշանակությունն ուներ գերմաներենը):
Ստեղծվում էին հեռուստատեսային ուսումնական հաղորդումներ, մշակվում էր ուսումնամեթոդական
հարուստ գրականություն, դասարանները սկսեցին բաժանել երկու խմբի: (ըստ Намедни:
1962 год. հեռուստահաղորդման նյութերի,
http://www.youtube.com/watch?v=9PwgvnKVAHA)
No comments:
Post a Comment