Ստիլյագները և հիպիները որպես մարտահրավեր ավանդական հասարակությանը
Ստիլյագների և հիպիների ենթամշակույթները կարելի է դիտել որպես մարտահրավեր ժամանակի տեղական մի շարք ավանդույթների համար: Կին-տղամարդ հարաբերություններում պատրիարխալ արժեքների խարխլումը, երիտասարդների անհատակենտրոնության աճը և մեկուսացումը ամուր միջանձնային կապերով հյուսված խմբերից (ընտանիք, հարևանություն և այլն), ինչպես նաև հայկական ինքնության կորուստն այն վտանգավոր միտումներն են, որոնք հումորի միջոցով իրենց քննադատությունն են գտել Հայաստանում խորհրդային գաղափարախոսության ազդեցիկ քարոզիչներից մեկի` 1960-70-ական թվականների Ոզնի ամսաթերթի էջերում: Ոզնիի կողմից խնդրո առարկային հատկացված նյութի ուսումնասիրությունը կարևորվում է մի քանի հանգամանքով: Նախ, վերոհիշյալ ժամանակահատվածում ստիլյագների, ապա նաև հիպիների վերաբերյալ Ոզնին բավականաչափ նյութ է տպագրել` հիմնականում ծաղրանկարներ և մի քանի հումորային հոդվածներ: Երկրորդ, այլ «արատավոր» երևույթների վերաբերյալ Ոզնիի էջերում տեղ գտած առատ նյութը թույլ է տալիս
լիարժեքորեն կոնտեքստուալիզացնել ստիլյագներին և հիպիներին առնչվող անդրադարձերը: Երրորդ, մեր կարծիքով «Ոզնին» պետք է դիտել որպես գաղափարախոսական պրոպագանդայի կարևոր գործիք, քանի որ իր պարունակած նյութերի բնույթով այն ընկալելի էր բնակչության ավելի լայն զանգվածների համար և ժամանակակիցների փոխանցմամբ, մտնում էր գրեթե յուրաքանչուր քաղաքացու բնակարան, ինչպես նաև պետական հիմնարկ: Գաղափարներ և արժեքներ քարոզելու իր գործառույթով «Ոզնին» համադրելի է Խորհրդային Միությունում բոլշևիկյան իշխանության հատկապես առաջին տասնամյակների ընթացքում թողարկված քաղաքական ցուցանակների հետ, որոնք ամերիկացի հետազոտող Վ. Բոննելի կարծիքով, իրենց մեջ տեքստի բացակայության շնորհիվ ավելի ցածր կրթական ցենզ ունեցող բնակչության հատվածներին էին ուղղված[1]: Փաստորեն «Ոզնին» Խորհրդային Հայաստանում կատարում էր տուն մտնող կամ տնից տուն շրջող գաղափարախոսական պոստերի գործառույթ: Վերջապես, գուցե հենց ավելի լայն ընթերցազանգված ունենալու պատճառով, Ոզնին իր քարոզչության բովանդակությամբ տարբերվում է նույն ժամանակահատվածում խնդրո առարկային անդրադարձած մյուս կարևոր տպագիր քարոզչական օրգանից` Ավանգարդ օրաթերթից: Մասնավորապես, Ոզնին ստիլյագներին և հիպիներին հումորի միջոցով քննադատելիս որպես զենք հաճախ օգտագործում է ավանդականը, օրինակ` պատրիարխալ արժեքները, մի բան, որ չի հանդիպում Ավանգարդում (ընդհանրապես, նկատել ենք, որ վերջինս որպես իր քարոզչության հիմնական սկզբունք որդեգրում է հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց հավասարության գաղափարը): Փաստորեն, Ոզնին արևմտյան «բուրժուական» ազդեցության հետևանքները փորձում է չեզոքացնել ոչ թե համարժեք գաղափարական հակափաստարկներով (ինչն արվում է Ավանգարդում), այլ ցույց է տալիս դրանց անհամապատասխանելիությունը ավանդականի հետ` անգիտակցաբար ամրապնդելով և վերարտադրելով ավանդական արժեքները: Այս իմաստով, գուցե, ներքին հակասություն գոյություն ունի խորհրդահայ քարոզչության երկու մեդիաների միջև:
Մարտահրավեր պատրիարխալ մշակույթին
Դատելով Ոզնիի էջերում ստիլյագների և հիպիների վերաբերյալ տեղ գտած քննադատությունից` 1960-70-ականների Խորհրդային Հայաստանը կարելի է վստահաբար դասել այսպես կոչված «մասկուլին» մշակույթների շարքին: Հասարակագետները մասկուլին են կոչում այն հասարակությունները, որտեղ կանանց և տղամարդկանց վերագրվող հասարակական դերերի և հատկանիշների հստակ տարանջատում գոյություն ունի[2]: Ստիլյագներն ու հիպիներն իրենց արտաքին տեսքով և կենսաձևով մարտահրավեր դարձան մասկուլին մշակույթին, քանի որ սկսեցին հեղափոխել կամ ջնջել կանանց և տղամարդկանց միջև եղած վերոհիշյալ սահմանազատումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ եղած պատկերացումները: Հենց այս միտումն էլ Ոզնիի համար
դարձավ ընդհանրապես ստիլյագների և հիպիների մշակույթը վարկաբեկելու նպատակին ծառայող քննադատության կարևոր թիրախներից մեկը:
Հումորային տարբեր հնարքների միջոցով Ոզնիի խմբագրակազմը գերշեշտադրում է ստիլյագ և հիպի տղամարդկանց և կանանց համապատասխանաբար կանացիակերպությունը և տղամարդակերպությունը կամ ընդգծում երկու սեռերի միջև տարբերությունների վերացումը: Մասնավորապես, Ոզնիի 1960-ականների առաջին կեսի համարներից մեկում (1963, N11, հունիս) աչքի է զարնում նկարիչ Մ. Կարապետյանի` հավանաբար «ստիլյագ» մի տղամարդու պատկերող ծաղրանկարը «Սեռս գաղտնի թող մնա» ուղեկցող գրությամբ (սա բառախաղ է` հիմնված հայտնի ժողովրդական «Սերս գաղտնի թող մնա» երգի վրա): Հեղինակը ծաղրանկարի միջոցով ցանկացել է ցույց տալ, որ “ստիլյագ” տղամարդն իր պճնամոլության պատճառով կորցրել է իր արական հատկանիշները և ձեռք բերել կանացիություն: Արդյունքում նրա սեռը արտաքինից դժվար է որոշել: Մ. Կարապետյանն իր միտքն ընթերցողին հաղորդում է «ստիլյագ»-ի արտաքին հատկանիշների վրա ուշադրություն հրավիրելու միջոցով: Նախ, տղամարդը կրում է կարմիր գույնի վերնաշապիկ` դեղին գրպաններով և սպիտակ մեծ կոճակներով, որոնք տվյալ ժամանակաշրջանում թերևս ավելի շուտ կանացի հագուստի ատրիբուտներ են համարվել: Վերնաշապիկը կրծքի մասում խորը եռանկյունաձև բացվածք ունի (կանացի հագուստի մեկ այլ դրսևորում): Տղամարդը կանաչ նեղ տաբատ է կրում, կարմիր զոլավոր գուլպաներ և սուրքիթ կրունկավոր կոշիկներ: Երկու ձեռքի մատներին էլ մեկական մատանի կա, որոնք տղամարդը հրճվանքով ի ցույց է դնում: Դեմքի արտահայտության միջոցով ևս նկարիչը ցանկացել է նրա կանացիությունը ընդգծել: Տղամարդու աչքերը կկոցած են, իսկ բերանը` լայն բաց արած` հավանաբար խորհրդանշելով/գերշեշտադրելով հերոսի սեթևեթանքը: Բացի այդ, տղամարդու մազերը հետ են սանրված և երկարավուն են (բայց չեն հասնում մինչև ուսերը):
Երբեմն էլ Ոզնին տղամարդկանց կանացիակերպության և կանանց տղամարդակերպության գերշեշտադրումը օգտագործում է տարբեր կազուսային իրավիճակներ պատկերելու համար. սցենարը հիմնականում հետևյալ բնույթն ունի. մարդիկ տղամարդ հիպիին շփոթում են կնոջ հետ, ինչի արդյունքում զվարճալի պատմություններ են առաջանում: Օրինակ, Ոզնիի 1970 թ. հունվարյան համարում
(N 2) պատկերված է տեսարան տղամարդկանց ընդհանուր բաղնիքից: Ծաղրանկարի կենտրոնում վերնաշապիկով մինչև սրունքները ծածկված կիսամերկ հիպին է` երկար մազերով: Նրա երկու կողմերում դեսուդեն սարսափահար փախչող մերկ տղամարդիկ են, որոնք կարծում են` հիպին կին է: Նկարի ներքևում վերջինիս խոսքերն են. «Հորս արև, ես տղամարդ եմ»:
Ինչպես նշվեց վերևում, ստիլյագների և հիպիների կանացիակերպության ընդգծումը տեղի էր ունենում երիտասարդ աղջիկների կանացիության կորստի և տղամարդկային հատկանիշների ձեռք բերման միտումների քննադատության կողքին: Օրինակ, 1971 թ. հոկտեմբերյան համարում (N20) տպագրված ծաղրանկարում կարճ մազերով մի երիտասարդ աղջիկ հանդիմանում է իր սանրվածքը հարդարող ընկերուհուն. «Ի՞նչ ես մազերդ երկարացրել, աղջիկները կկարծեն տղա ես` կընկնեն հետևիցդ»:
Խորհրդային Հայաստանում մասկուլին արժեքների հեղաշրջման և ֆեմինին մշակույթի (որի պայմաններում կանանց և տղամարդկանց էմոցիոնալ հատկանիշներն ու հասարակական դերերը համընկնում են) հաստատման դեմ բարձրացված բողոքի ձայն է նաև Ոզնիի 1976 թ. հունվարյան առաջին համարում (N 1) տպագրված Էդվարդ Սարգսյանի «Լատուռնի գաղտնիքները. Ֆանտաստիկ տիեզերավեպ տուրիստական թեքումով» վերտառությամբ ֆելիետոնը: Վերջինիս հերոսը երազում մի երևակայական մոլորակ է ընկնում` Լատուռն, և պատմում իր տեսածը: Լատուռնյան իրողությունների նկարագրությունը իրականում քննադատությունն է ֆելիետոնի հեղինակի շուրջ տեղի ունեցող արմատական արժեքային փոփոխությունների: Մասնավորապես, մեզ հետաքրքրող թեմային է վերաբերում ֆելիետոնի «Սեռափոխության նվաճումներ» բաժինը, որտեղ տղամարդկանց և կանանց վերագրվող մի շարք հատկանիշներ Ոզնիի այլ համարներում կրկնվում են հիպի կամ ստիլյագ հերոսներին նվիրված անդրադարձերում: Է. Սարգսյանը մասնավորապես գրում է. «Հեռավոր Լատուռնում արդեն ավարտվում է սեռափոխությունը, մինչդեռ մեր մոլորակի վրա այդ պրոցեսը նոր միայն թևակոխում է զարգացման առաջին փուլը: Լատուռնեցի պատանիները մինչև կրունկ հասնող ծամ են պահում, իսկ աղջիկները վարսավիրանոցից դուրս են գալիս «բոքս» խուզած գլխով: Տղամարդկանց կոշիկների կրունկները մեկ թիզ բարձրություն ունեն, կանանց կոշիկների կրունկները մի մատ էլ չկան: Տղաների հիմնական զգեստը մինի յուբկան է, աղջիկներինը`երկու մետր լայնության շալվարը: Հմուտ ներկարարները արական սեռին սովորեցնում են կոպ ներկելը, ոչ պակաս հմուտ խոհարարները` հոնք փետտելը, իսկ իգական սեռը հատուկ դասընթացում ուսումնասիրում է բեղերի տեսակներն ու մորուքի աճեցման ագրոկանոնները: Արտաքին հատկանիշների հետ փոխվում են նաև նախասիրությունները, սովորույթները, հակումները, դերերը, հոբբին: Լատուռնում կոսմետիկայի սրահները տղամարդկանց համար են, խաշարանները` կանանց: Աշխատավայրում տղամարդիկ իրենց ձանձրույթը փարատում են ձեռագործով, իսկ կանայք` ֆուտբոլի ու հոկեյի շուրջը խոսելով…:»
Պատկերացնելու համար, թե ինչ կապ ունեին Ոզնիում ստիլյագներին և հիպիներին վերագրվող հատկանիշները քննարկվող ժամանակաշրջանի իրական կյանքի հետ, հարկ է անդրադառնալ սույն հետազոտական նախագծի շրջանակներում վերոհիշյալ ենթամշակույթներին հարող անձանց հետ անցկացված հարցազրույցներին(: Պարզվում է, որ այս ենթամշակույթների հատկապես արական սեռի հետևորդների համար ավանդական արական ինքնությանը չհամապատասխանող արտաքին ունենալը (հագուստ, մազեր և այլն) անվտանգ չի եղել: Մասնավորապես, հարցազրույցներում հաճախ են հանդիպում պատմություններ այն մասին, որ ստիլյագական ոճով հագնված կամ երկար մազեր ունեցող հիպիական ոճի երիտասարդները փողոցում ծաղրի էին ենթարկվում հասակակիցների կողմից: Օրինակ ժամանակակիցների վկայությամբ, երկար մազեր և մորուք ունեցող հիպիներին վիրավորում էին` նրանց հետևից «փառչակ» (հավանաբար “փռչոտ” բառից) գոռալով: Հանդիպում էին նաև ֆիզիկական բռնության գործադրման դեպքեր, հատկապես Երևանի 3-րդ մաս թաղամասում:
Օրինակ, ինչպես պատմեց հարցազրույցի մասնակիցներից մեկը. «Ես մի անգամ հայտնվեցի երրորդ մասում իմ հիպիական շորերով, չէի հասցրել փոխվել, գնացել էի հիվանդանոց: Հերթապահության էի, հետո ծխախոտ էր պետք առնել, դուրս գնացինք ու հետս աղջիկ կար` այնտեղի բուժքույրերից մեկը, որը երրորդ մասից էր: Ինձ բռնեցին ծեծեցին. շատվոր էին»:
Հետաքրքիր է, որ նման պատմություններում ուրվագծվում է մի կողմից «մասկուլին արվարձան» և «ֆեմինին կենտրոն», մյուս կողմից` «ֆեմինին ստիլյագներ և հիպիներ» և «մասկուլին ռաբիսներ» պայմանական հակադրությունը, քանի-որ որոշ հարցազրույցներում ֆիզիկական բռնություն գործադրող կամ բանավոր վիրավորանք հնչեցնող երիտասարդները հիշատակվում են որպես «ռաբիսներ»: Թերևս այս հակադրության սինթեզի արդյունք պետք է համարել նաև հարցազրույցներից մեկում հնչած ձևակերպումը կենտրոնի «խառոշի տղերք»-ի մասին, որոնք համ ռաբիս էին լսում, համ ռոք: Ինչպես նշեց այդ հարցազրույցի մասնակիցը.
«Ես ծնվել ու ապրել եմ Մաշտոցի պողոտայում… Դե մեզ մոտ համ կուլտուրական թաղ ա, դե կենտրոն ա, համ էլ խառոշի տղերք կան, որ սիրում էին էդ երաժշտությունը… համ ռաբիս էին, համ էլ սիրում էին Ջիմմի Հենդրրիքս, Էրիկ Քլեփթոն, Բիթլզ: Օրինակ` երրորդ մասի ժողովուրդը այդպիսի բաներ չուներ: Ու քանի որ էդ կապը կար, դրա համար ավելի իրար հասկանում էինք, երկար մազ պահելու համար որևէ խնդիր չկար: Բայց, օրինակ, ուրիշ տեղից որ գալիս էին` Չարբախից, բանից, դանդաղ ման էին գալիս… որ տեսնում էին մի հնարավորություն ունեն ինչ-որ կռիվ սարքելու, կռիվ էին սարքում: Մի անգամ այդպես ծեծ եմ կերել ռաբիսներից»:
Պետք է նշել, որ 40-50 տարվա վաղեմություն ունեցող այս իրողությունների համեմատությունը այսօրվա կյանքի հետ, թույլ է տալիս պնդել, որ հետխորհրդային Հայաստանն իր մասկուլին մշակույթը ժառանգել է Խորհրդային Հայաստանից: Կանանց և տղամարդկանց հասարակական դերերի վերաբերյալ կարծրատիպերը ակնհայտ են նորանկախ Հանրապետության առօրյայում ևս: Օրինակ, շարունակում է արդիական մնալ կանանց և տղամարդկանց ավանդական դերերի և հատկանիշների խաղարկման միջոցով ստեղծվող հումորը: Բավական է պատկերացնել հայաստանյան ամենահայտնի հումորային հեռուստասերիալներից մեկի` “Yere1”-ի հերոսներից «Վարսիկին» և «թիկնապահ Սերոժին»: Խորհրդային Ոզնու արտադրած հումորի տրամաբանությամբ այստեղ ևս վերոհիշյալ երկու կերպարները հանդիսատեսի համար ծիծաղելի են դառնում հենց այն պատճառով, որ ֆիլմում նրանց վերագրվում են հակառակ սեռին բնորոշ հատկանիշներ (Վարսիկը առնական է, իսկ թիկնապահ Սերոժը` բարակ ձայն ունի):
Մինչ օրս պահպանվել է մի կողմից «ռաբիս», մյուս կողմից «ջազ», «ռոք», «դասական» հասկացությունների հակամարտությունը, որը սահմանափակված չէ, թերևս չի էլ եղել, զուտ երաժշտական ճաշակների հարթության մեջ: Այլ կերպ ասած, հակամարտությունը նաև կենսակերպային բնույթ ունի և իրենից մասկուլին և ֆեմինին արժեքների բախում է ներկայացնում: Այս առիթով կարելի է հիշել 2011 թվականի նոյեմբերին այսպես կոչված «քաղաքային ֆոլկլորի» հայտնի ներկայացուցիչ Թաթուլ Ավոյանի հարցազրույցը, որտեղ նա հեգնական տոնով է խոսում ջազի և ռոքի մասին ու նաև ընդունում, որ, եթե նա երբևիցե փորձի օպերա երգել, այլևս չի կարողանա որևէ «քուչա» մտնել («քուչա»-ն ժամանակակից Հայաստանի մասկուլին դիսկուրսի կարևոր բաղադրիչներից է)[3]: Այն ենթադրությունը, թե երաժշտության տարբեր ոճերին ավանդաբար վերագրվել են կանացի կամ առնական հատկանիշներ, ամրապնդվում է նաև ժամանակակից կոմպոզիտոր Արա Գևորգյանի հեռուստաելույթներից մեկով 2011 թ. դեկտեմբերին: Խոսելով իր մանկության մասին` Արա Գևորգյանն ընդունեց, որ, ապրելով Կոնդ թաղամասում, իր համար շատ դժվար է եղել նոտատետրը ձեռքին այդ թաղամասի միջով գնալ դաշնամուրի պարապմունքների (քանի-որ դաշնամուրը տղաների համար ոչ հարիր գործիք է համարվել)[4]:
Մարտահրավեր ազգային ինքնությանը
1970-ական թվականների Ոզնին ուսումնասիրելիս աչքի է զարնում մի հետաքրքիր իրողություն. խորհրդային ինտերնացիոնալիզմի ընդհանուր գաղափարախոսական համատեքստում այս ամսաթերթը պարունակել է նաև հայկական ինքնության բաղադրիչների, հատկապես հայոց լեզվի, կոլեկտիվ հիշողության և ազգային խորհրդանիշների քարոզչության տարրեր: Հայկական ինքնության պահպանման այս առաքելության ընդհանուր համատեքստում քննադատության թիրախ են դառնում արևմտյան նորաձևությանը հետևող երիտասարդները և հատկապես հիպիական ենթամշակույթի ներկայացուցիչները: Ոզնիի որոշ համարներում վերջիններս պատկերվում են որպես ազգային դիմագիծը, ազգային ինքնությունը կորցրած անձինք, կոսմոպոլիտներ: Այս առումով հատկանշական են երիտասարդների արտաքին տեսքին նվիրված մի շարք ծաղրանկարներ: Դրանցում նրանց արտաքինն այնքան է փոփոխված, որ անգամ համաքաղաքացիները և հայրենակիցները նրանց շփոթում են օտարազգիների հետ: Մասնավորապես, այդպիսի մի ծաղրանկար (հեղինակ` Էլ. Մանդալյան) է տպագրված Ոզնիի 1974 թ. հուլիսյան համարում (N 13): Նկարում պատկերված են երկու հիպի տղաներ (երկար մազերով, բեղ-մորուքով, լայանափեշ տաբատներով, բարձրակրունկ սուրքիթ կոշիկներով) և չորս աղջիկներ (սպիտակ մինի շրջազգեստներով, բարձրապլատֆորմ կոշիկներով և տարբեր գույնի ներկված մազերով): Հիպիներից մեկը տարակուսած հարցնում է մյուսին աղջիկների ազգության մասին. «Տեսնես սրանք ի՞նչ ազգի են», ինչին ի պատասխան աղջիկներից մեկն ասում է. «Բա դուք ի՞նչ ազգի տղաներ եք»:
Այս ծաղրանկարից երեք տարի առաջ Ոզնու 1971 հոկտեմբերյան համարում (N 19) տպագրվել էր նույն նկարչի համանման թեմայով մեկ այլ ստեղծագործություն, որում երկու տեղացի երիտասարդներ փողոցում փորձում են ծանոթանալ իրենց ենթադրությամբ օտարազգի մի երիտասարդ աղջկա հետ (վարդագույն հոլիդեյ տաբատով, նույն գույնի վանդակավոր բլուզով, լայնեզր գլխարկով և բարձրակրունկ կոշիկներով), սակայն պարզվում է, որ վերջինս հայ է: «Ես տեղացի եմ, տղաներ ջան, տուրիստները այ էն գնացողներն են»,- ասում է աղջիկը նրանց` ցույց տալով հեռվում քայլող երկու կանացի ուրվագիծ, որոնց հագուստը, ի տարբերություն հայ աղջկա հագուստի, աչքի զարնող չէ:
Ոզնիի 1972 թ. սեպտեմբերյան համարում (N 18) նույն հեղինակի երրորդ նկարն է, որը թերևս նույնպես կարելի է դասել ազգային արժեքների պահպանման վերոհիշյալ թեմային: Կարելի է ենթադրել, որ այստեղ Է. Մանդալյանը հնին, ավանդականին (հետևաբար` ազգայինին) հակադրում է մոդեռնը, նորաձևը, որը օտար է, ոչ ազգային: Մասնավորապես, «Պատկերասրահում»
վերնագրված նկարում պատկերված են նորաձև հագուստով երկու երիտասարդ` տղա և աղջիկ, որոնք քննադատում են պատից կախված նկարը: «Մի մոդեռն բան չկա՞ր, որ էս փտած բանն են կախել,» – հեգնանքով ասում է տղան, որը հիպիական նորաձևության ատրիբուտների կրող է (սպիտակ հոլիդեյ տաբատ, լայն գոտի` մեծ քառակուսի ճարմանդով, բարձրակրունկ սուրքիթ կոշիկներ, ցանցկեն վերնաշապիկ, երկարավուն մազեր): Աղջիկը ևս նույն ոճով է հագնված (վարդագույն, սև պուտիկավոր հոլիդեյ տաբատ, սպիտակ ծոպավոր բլուզ և ծոպավոր ձեռքի պայուսակ): Նկարում բնապատկեր է` լեռան գագաթով, որը, չի բացառվում, որ Արարատն է կամ Արագածը, իսկ նկարի ներքևի մասում փակցված ցուցանակից կարելի է հասկանալ, որ ստեղծագործությունը նկարվել է 1872 թվականին:
Վերջապես, Ոզնիի 1980 թ. դեկտեմբերյան համարում (N 23) նկարիչ Ա. Բեքարյանի ծաղրանկարն է մթագնած հայկական ինքնությամբ պճնամոլի վերաբերյալ: Հետաքրքիր է, որ վերջինս պատկերված է իբրև խառը ստիլյագական, հիպիական և նորաձևության այլ ոճերի հատկանիշների կրող. օրինակ, երկար մազեր ունի, բեղեր` առանց մորուքի, բարձրակրունկ սուրքիթ կոշիկներ, նեղ տաբատ, ֆրակ, ժիլետ, լայնօձիք վառ գույնի վերնաշապիկ(ոճերի նման միախառնումը թերևս ցուցիչ է այն բանի, որ 80-ականների սկզբին հիպիական նորաձևությունը հետզհետե կորցնում է իր արդիականությունը): Նկարի ներքևի մասում մեջբերված է Ռաֆայել Պատկանյանի քառատողը բազմակի ինքնություն ունեցող եվրոպականացված հայի մասին.
Տեղը եկավ` Հայ է նա, տեղը եկավ` այլազգի,
Իրոք ոչ այս և ոչ այն է, այլ ծընունդ մի նոր ազգի:
Հագընվում է նա միշտ էն գրան, ման է գալիս ա լա շիկ,
Ճաշ է ուտում, ու՞ր եք կարծում, շեր Դյուսսոն կամ Դոմենիկ:
Ռ. Պատկանյան
Հետաքրքիր է, որ ինչպես և պատրիարխալ մշակույթին վերաբերող հարցերում, ազգային ինքնության խնդիրներում ևս տարբերություն է նկատվում Ոզնիի և Ավանգարդի մոտեցումներում: Ավանգարդի 1960-70-ականների հրապարակումների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ թերթն ավելի շատ ինտերնացիոնալիզմի գաղափարի քարոզիչ է, և ազգային ինքնության թեմաներին հատկացված ուշադրությունը թույլ է: Ընդհանրապես, թերթը քննադատում է այն ամենը, ինչը հետադիմական է և քարոզում առաջադիմականը, եթե նույնիսկ վերջինս եվրոպական կամ արևմտյան է: Այս իմաստով հիշատակելի է Ավանգարդի 1960 թվականի հունվարյան համարներից մեկում (N 5, 12 հունվար)համարում տպագրված Վ. Պետրոսյանի ուշագրավ պատասխանը Երևանում պճնամոլ երիտասարդության արտաքինի և վարքուբարքի վերաբերյալ ընթերցողներից մեկի քննադատական նամակին: Ըստ էության արդարացնելով նորաձևության առաջադեմ (ոչ ծայրահեղ) դրսևորումները երիտասարդների շրջանում` հոդվածի հեղինակը միաժամանակ քննադատում է նամակագրի ազգային սահմանափակությունը. «Վ. Սեդրակյանի նամակում ինքնուրույն «ստեղծագործություն» էլի կա, նա հակադրվելով մոդայամոլ երիտասարդությանը, մեջ է բերում Խ.Աբովյանի 120 տարի առաջ ասած խոսքերը, թե «եվրոպացոց մուզիկն էլ լավ է, բայց մեր հայկական զուռնի ձենը ավելի քաղցր է»: Չհասկանալով, թե երբ և ինչ պայմաններում են ասված այս խոսքերը, Վ. Սեդրակյանը ըստ էության հանդես է գալիս իբրև սահմանափակության ջատագով: Մեզ համար բարձր ու նվիրական է մեր ազգային երաժշտությունը (որը, ի դեպ, վաղուց արդեն հնչում է ոչ միայն զուռնայով, այլ նաև ջութակով, դաշնամուրով, երգեհոնով, սաքսոֆոնով և այլն): Բայց ի՞նչ տրամաբանությամբ է կոմերիտական ղեկավար աշխատողը կոչ անում բավարարվել միայն դրանով: Մեր ժողովրդին ու երիտասարդությանը մոտիկ ու հասկանալի են ոչ միայն սեփական, այլև աշխարհի բոլոր ազգերի մեղեդիները, ոչ միայն ժողովրդական երգերը, այլև սիմֆոնիան, էստրադային երաժշտությունը, օպերան: Սա վերաբերում է ոչ միայն երաժշտությանը, այլև գրականությանը, արվեստի մյուս ճյուղերին, նաև կենցաղին, նաև…մոդային: Իհարկե, խոսքը լավագույնի, առաջադիմականի մասին է»:
Հարկ է նշել, որ ինչպես և գենդերային հարաբերությունների թեման, ազգային ինքնության և կոսմոպոլիտիզմի խնդիրը ևս Հայաստանում շարունակում է մնալ արդիական առ այսօր: Լիբերալ արժեքներին հետևող մարդիկ ժամանակակից հայաստանյան հանրային դիսկուրսում կարող են պիտակավորվել որպես կոսմոպոլիտ, հետևաբար` ազգային ինքնությունը, արժեքները և շահերը ուրանալուն պատրաստ մարդիկ: Այս իմաստով լավագույն օրինակը թերևս բոլորովին վերջերս Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված բանավեճն էր ArmComedy նախագծի հեղինակների և «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանի միջև, որի ընթացքում վերջինս կոսմոպոլիտիզմը ըստ էության նույնացրեց անբարոյականության և ապազգային վարքագծի հետ:
[1] Bonnell, Victoria E. (1997) Iconography
of Power. Soviet Political Posters under Lenin and Stalin. Berkeley: University
of California Press. , pp 1-13.
[4] Հայաստանի
հանրային հեռուստատեսություն. (2011) Երգ երգոց, 24 դեկտեմբեր 2011:
No comments:
Post a Comment